Այսօր լուսադեմին Ամուլսարի երկրորդ «պոստից» տարածք են ներխուժել զինված անձինք, ովքեր ներկայացնում են տարածքի նոր պահնորդային ընկերությունը: Մուտքի առաջին րոպեներին նրանք մեքենաների անիվների տակ սպանել են պոստում ապրող շան երեք ձագուկների:
Քիչ անց, Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչները հավաքվել են երկրորդ «պոստի» տարածքում, ժամանել են նաև ոստիկանները: Թե ի՞նչ նպատակով է իրականացվում այս ցուցադրական գործողությունը՝ կարելի է ենթադրել։
Մեկ ամիս առաջ մենք գրել էինք, որ այսպիսի բաներ սպասվում են․․․ Մայիսի 27-ի մեր հայտարարությունը բառացի ասում է՝
Պետությունը պետք է դադարի պաշտպանել մասնավոր ընկերությանն ի հաշիվ բնակչության իրավունքների: Լիդիան օֆշորային ընկերությունն արդեն, կարելի է ասել, գոյություն չունի, անցել է իր պարտատերերին, իսկ ՀՀ կառավարությունը չգիտես ինչու շարունակում է հանդուրժել նրա սպառնալիքները:
Զինված պահակախմբի առկայությունն Ամուլսարում անընդունելի է, այս պրակտիկան պետք է անմիջապես վերացվի: Սա բացահայտ բռնության սպառնալիք է հանքի գործարկման հանդեպ բացասական դիրքորոշում ունեցող համայնքների բնակչության նկատմամբ, և տպավորություն ունենք, որ նման ձևով տարածք ներխուժելը միտումնավոր է արվել՝ որպես ուժի ցուցադրում։ Պահնորդային ծառայություն իրականացնող կազմակերպությունը կարելի էր փոխել շատ ավելի հանգիստ ու առանց որևէ աղմուկի, այլ ոչ թե արտակարգ դրության պայմաններում դարձնել իրավիճակի սրման առիթ։
Այս պահին Ջերմուկ համայնքի բնակիչների, պահնորդային ծառայության և ոստիկանության միջև քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ նոր պահնորդային ծառայությունը կշարունակի գործել նախորդի սկզբունքներով, այսինքն՝ Ամուլսարի տարածքում կմնան միայն տվյալ ժամանակահատվածի հերթապահները՝ 2-3 հոգի, նրանք զինված չեն լինի, իսկ պահնորդային ծառայության մյուս աշխատակիցները, ովքեր տվյալ պահին հերթապահություն չեն իրականացնում՝ կտեղավորվեն որևէ հյուրանոցում և Ամուլսարի տարածքում չեն մնա:
Դեպքի վայրից ուղիղ եթերներին կարող եք հետևել այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ։
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
Էլ. փոստ՝ armecofront@gmail.com