ԻՆՉ ԿՆՇԱՆԱԿԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԸ ՎԱԶԱՇԵՆՈՒՄ
Նախ, ի՞նչ ենք սովորել Հայաստանի ու աշխարհի հանքարդյունաբերության փորձից
Ի՞նչ է նշանակում՝ ապրել հանքի մոտ
Մետաղական հանքեր անդառնալի վնաս են պատճառում բնական միջավայրին և դրա միջոցով՝ մարդկանց ու կենդանական աշխարհին: Շրջակա տասնյակ կիլոմետրերով հողը և ջուրն այնպես են աղտոտվում, որ հետո հարյուրամյակներ շարունակ դրանք հնարավոր չի լինում վերականգնել: Այսինքն, եթե որևէ տեղ բացվում է մետաղական հանք, ապա մեծ մասամբ հանքի փակումից հետո այդտեղ այլևս ապրել չի լինում: Գյուղատնտեսությամբ, տուրիզմով կամ որևէ տեսակի այլ գործունեությամբ զբաղվելն այլևս անհնար է դառնում. ամեն ինչ աղտոտված է: Մտածենք, մեզ համար Վազաշենի հողն ի՞նչ արժեք ունի: Արդյոք դա միայն դրամակա՞ն արժեք է: Կարևո՞ր է արդյոք, որ ձեր երեխաները, թոռները նույնպես տարիներ հետո կարողանան ապրել այս հողում:
Վազաշենի պարագայում խոսք է գնում նաև ռադիոակտիվ նյութեր արդյունահանելու մասին: Սա նշանակում է, որ տարածքում կտրուկ աճելու են քաղցկեղային հիվանդությունները: Դրանցից առաջին հերթին տուժում են հանքի աշխատողները, այնուհետև՝ երեխաները և վերարտադրողական տարիքի կանայք: Պատրա՞ստ եք նման ապագա կերտել ձեզ ու ձեր երեխաների համար:
Գոնե աշխատանք կունենանք, փող կունենանք
Որքա՞ն կաշխատի հանքը: Խոստումները կարող են տարբեր լինել: Բայց ինչպես տեսանք Թեղուտի դեպքում, 70 տարվա ծրագիր ունեցող հանքն աշխատեց ընդամենը 3 տարի: Այս ընթացքում այնպես աղտոտեց միջավայրը, որ մարդկանց այգիները չորացան, մեղուները սատկեցին, գետն ու աղբյուրները վերացան. անտառը, որն առաջ սննդի ու ապրուստի միջոց էր, նույնպես խիստ կրճատվեց: Հետո՞: Հետո մարդիկ մնացին առանց աշխատանք, առանց հող ու վարկերի տակ (որովհետև աշխատանք ունենալով վարկեր էին վերցրել):
Իրականությունն այն է, որ Հայաստանի տարածքում եղած խոշոր հանքային պաշարները սկսել են շահագործվել Խորհրդային Միության ժամանակ, ինչպես օրինակ Քաջարանի, Սոտքի հանքավայրերը: Մյուսները հիմնականում փոքր ծավալով հանքեր ու հանքային երևակումներ են, որոնք ընդամենը մի քանի տարի աշխատելու հեռանկար ունեն:
Աշխատատեղերի խոստումների մի մասը նույնպես սուտ է: Հանքում տեղացիները կարողանում են աշխատել միայն սկզբնական շրջանում, երբ դեռևս շինարարական աշխատանքներ են գնում: Որոշ մարդիկ, ովքեր շինարարական տեխնիկա ունեն, մի քանի ամիս դա կկարողանան այն վարձով տալ… և վերջ, մոտավորապես այսքանը: Շինարարության ավարտից հետո աշխատատեղերը կիսով չափ կրճատվում են, նաև բերում են աշխատողներ դրսից: Ամբողջ համայնքը փոխվում է, քանի որ սովորաբար դրսից եկած աշխատողներն էլ միայնակ տղամարդիկ են լինում, ովքեր իրենց հետ բերում են փող, խմիչք, աղմուկ, սեռական բռնություն:
Համայնքի ուժը
Գուցե ոմանք փորձում են հակառակում համոզել, բայց համայնքը շատ մեծ ուժ ունի, որովհետև հողը պատկանում է համայնքին և եթե համայնքն այդ հողը չտա, ոչ ոք չի կարող ընդերքը շահագործել:
2017 թվականին Լոռու մարզի Արդվի համայնքում թույլ չտվեցին ոսկու-բազմամետաղային հանքի հետազոտություն սկսել: Գյուղի բնակիչները, այդ թվում դպրոցականները, մի քանի անգամ տապալեցին հանրային լսումները՝ թույլ չտալով, որ որևէ մեկը մտնի լսումների տարածք: Սա շատ կարևոր է, որովհետև եթե հանրային լսումներն այնուամենայնիվ տեղի են ունենում, ապա նույնիսկ եթե բոլոր մասնակիցներն էլ դեմ են արտահայտվում, ամեն դեպքում լսումները համարում են կայացած և հանքի թույլտվություններին ընթացք է տրվում:
2018 թվականին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը թույլ չտվեց իր տարածքում հանքարդյունաբերություն սկսել: Նոյեմբերյանում, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, բնակչության ստորագրահավաք կազմակերպվեց, որի հիման վրա ավագանին որոշում կայացրեց արգելել մետաղական հանքերի հետ կապված որևէ գործունեություն համայնքի տարածքում:
Վայոց Ձորի Գլաձոր համայնքում 2016 թվականից ի վեր բնակչությունը թույլ չի տալիս ոսկու հանքի բացումը: Իսկ Ջերմուկ համայնքում շարունակվում է պայքարը Ամուլսարի հանքը չբացելու համար: Պայքարներ են ընթանում նաև Մեղրիում և Սյունիքի մարզի այլ համայնքներում:
Ինչ կարող ենք անել
Թռուցիկը կարող եք ներբեռնել այստեղ
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ armecofront@gmail.com