Զեկույց. ինչպես է Միջազգային ֆինանսական կորպորացիան շահում Աֆրիկայում հողերի բռնագրավումից

04/05/2017

Քանի որ որոշ մարդիկ հավատում են, որ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեպքում բացասական հետևանքները բացառված են՝ «շնորհիվ» ծրագրում ներգրաված Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) բարձր սոցիալական և բնապահպանական ստանդարտների, ուստի ստորև ներկայացնում ենք ևս մեկ հոդված, որը կցրի ՄՖԿ-ի բարձր ստանդարտների մասին հերթական միֆը:

2017թ.-ի ապրիլին հրապարակվել է զեկույց՝ Համաշխարհային բանկի մաս կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) կողմից Աֆրիկայում ֆինանսական միջնորդների միջոցով տրամադրվող վարկերի բացասական հետևանքների մասին: Զեկույցը հրապարակվել է Inclusive Development International (IDI), Accountability Counsel, Bank Information Center, The Oakland Institute և Urgewald կազմակերպությունների կողմից:

Destruction-Area-One-600x338

AngloGold Ashanti-ի գործունեության համար նոր տարածքներ են նախապատրաստվում communitiesfirst

«Կինտինյանում, որը հյուսիսարևելյան Գվինեայի համայնքներից է (վերջինս արևմտյան Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից է), կար ոսկի և հետևաբար, կար ընկերություն, որն այդ ոսկին ցանկանում էր ձեռք բերել: Ընկերության անունն է Societe AngloGold Ashanti de Guinee (SAG), որը 1998թ-ից հանքարդյունահանման թույլտվություն ուներ 1500 քառ. կմ տարածքի վրա: 2015թ.-ին SAG-ը հայտարարեց, որ ոսկու պաշարներն ավարտվել են, ուստի իրենք նոր տարածքներ են ցանկանում ձեռք բերել: Համաձայն զեկույցի համար արված բազմաթիվ հարցազրույցների՝ ընկերությունը կառավարության անվտանգության և պաշտպանության ուժերի հետ մտել էր Կինտինյանի համայնք և ստիպել տեղացիներին՝ որոշ դեպքերում զենքի կիրառմամբ, ստորագրել իրենց սեփականությունից հրաժարվելու թղթեր: Զինված ուժերի թվում էր նաև նախագահական պահակախումբը կամ այսպես կոչված կարմիր բերետավորները, որոնք հայտնի են նաև 2009թ.-ին մայրաքաղաքում քաղաքական ցույցերի ժամանակ հարյուրավոր մարդկանց սպանելու և բռնաբարելու դեպքերից:

«Ես ստորագրել եմ հողս հանձնելու մասին, երբ մի զինվոր իմ վրա էր ուղղել հրացանի փողը: Ընտրություն չունեի»․ ասում է 42-ամյա տեղացի բնակիչը, ով արդյունքում կորցել է իր տունը և փոքրածավալ ոսկու առևտրի բիզնեսը: «Եթե քո գլխին էլ մեկը հրացանը պահեր, ի՞նչ կանեիր»:

SAG-ը AngloGold Ashanti ընկերությանն է պատկանում, վերջինս էլ հարավաֆրիկյան ոսկի արդյունահանող ընկերություն է և գործունեություն է ծավալում երեք մայրցամաքներում: SAG-ը գվինեական կառավարության հետ համատեղ ձեռնարկություն է: AngloGold Ashanti-ն իր մեծությամբ աշխարհի երրորդ ոսկի արդյունահանող ընկերությունն է: Միայն 2016թ-ին նրա եկամուտը եղել է 4.25 միլիարդ ԱՄՆ դոլար:

2015թ.-ին AngloGold Ashanti-ն Հարավային Աֆրիկայում գտնվող երկու կոմերցիոն բանկերից ստացել է մոտ 102 միլիոն ԱՄՆ դոլար վարկ: Վարկն ընդհանուր բնույթ ուներ, այսինքն ընկերությունը կարող էր օգտագործել գումարն ըստ իր նախընտրության, ներառյալ աշխարհում իր հանքային ծրագրերի ծախսերը փակելու համար:

Վարկատուներից մեկն էլ Nedbank-ն է, որը Միջազգային ֆինանսական կորպորացիայի  (ՄՖԿ) ֆինանսական-միջնորդ հաճախորդն է: Նշենք, որ Համաշխարհային բանկի մասնավոր կառույցը` Միջազգային ֆինանսական կորպորացիան, Nedbank-ին տվել է 140 միլիոն ԱՄՆ դոլար Աֆրիկայում վարկեր տրամադրելու համար՝ ներառյալ եկամտաբեր մեծածավալ ծրագրերում:

Այս ֆինանսական հարաբերությունների արդյունքում ՄՖԿ-ի գումարները կարող էին AngloGold Ashanti-ի կողմից օգտագործվել Գվինեայի հանքը մեծացնելու և շահագործելու նպատակով: Ավելին, AngloGold Ashanti-ի և հանքի եկամուտները հասել են ՄՖԿ-ին Nedbank-ի միջոցով՝ վարկի տոկոսների տեսքով: Այլ կերպ ասած՝ ՄՖԿ-ն, որի նպատակը աղքատությունը հաղթահարելն է և մասնավոր սեկտորի կողմից իրականացվող ծրագրերի միջոցով կայուն զարգացում կերտելը, անուղղակիորեն ֆինանսավորում և եկամուտներ է ստանում ծրագրից, որը վնասում և ավելի աղքատացնում է աղքատներին:

Ավելին, IDI-ի շարունակական հետաքննությունը ցույց է տալիս, որ ՄՖԿ-ն անուղղակիորեն ֆինանսավորում է աշխարհում ամենավնասակար ներդրումային ծրագրերից որոշները: Համաշխարհային բանկի անդամը դա անում է իր դրամական միջոցների մի ահագին մաս ստվերային եղանակով ներդնելով ֆինանսական միջնորդների միջոցով՝ ինչպես օրինակ կոմերցիոն բանկերն ու մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերն են: 2010-2015թթ.-ի ընթացքում ՄՖԿ-ն 50 միլիարդ ԱՄՆ դոլար է ներդրել ֆինանսական ոլորտում, ուր այն շատ քիչ վերահսկողություն և տեղեկատվություն ունի, թե ինչպես են այդ գումարները օգտագործվում:

Թեև ՄՖԿ-ի ֆինանսական ոլորտի հաճախորդներից պահանջվում է կորպորացիայի սոցիալ և բնապահպանական գործունեության ստանդարտներին հետևել, ապացույցները ցույց են տալիս, որ գործնականում դա տեղի չի ունենում՝ տեղի տալով հողերի բռնագրավման: Իսկ քանի որ ՄՖԿ-ն չի հանրայնացնում իր տված գումարների օգտագործման վերջնանպատակը, Համաշխարհային բանկը կարող է այս գործարքները ներկայացնել որպես աշխատատեղերի կերտում և աղքատության կրճատում, երբ իրականում գումարները այնպիսի ծրագրերի մեջ են ներդրվում, որոնք չեն ծառայում այս նպատակներին:

Երբ Nedbank-ի վարկի մասին հայտնի դարձավ, ՄՖԿ-ի ներկայացուցիչ Ջեյմս Սկրիվենը գովեց այս գործարքը՝ հայտարարելով, որ ՄՖԿ-ն, Աֆրիկյան զարգացման բանկը և Nedbank-ը ունեն նույն նպատակը, այն է՝ ֆինանսական սեկտորում բարձրացնել սոցիալ և բնապահպանական իրազեկվածությունը, աջակցել Աֆրիկայում կայուն տնտեսական զարգացմանը (Աֆրիկյան զարգացման բանկն էլ 140 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել Nedbank-ին):

Մինչդեռ Գվիենայում ՄՖԿ-ի աջակցած Nedbank-ը ստեղծել է ամեն ինչ, բացի կայուն զարգացումից: Իրենց հողից և ապրուստի միջոցներից զրկված՝ տեղահանված ընտանիքները չքավորության մեջ են հայտնվել: «Մենք բավականին սնունդ չունենք մեր երեխաների համար», ասում է Լալա Կոնդեն՝ իր տունը կորցրած մի մայր:

Հանքը նաև բնապահպանական լուրջ խնդիր է առաջացրել: AngloGold Ashanti-ն օգտագործում է ցիանիդ, մահացու թույն, որով լվացվում է ոսկին այն մշակելու նպատակով: Հորդառատ անձրևների ժամանակ, ինչը հաճախ է պատահում արևադարձային Գվինեայում, մնացորդային ցիանիդը հոսել է դեպի տեղի ջրային ազբյուրները՝ թունավորելով ձկներին, ընտանի կենդանիներին, խմելու ջուրը՝ ըստ տեղացիների պատմածի:

AngloGold Ashanti-ն բազում խոստումներ է տվել նրանց, ում կյանքերն է վնասել: Խոսք է տվել տարհանվածների համար ապահովել աշխատատեղեր, էլեկտրականություն, ոռոգման և խմելու ջուր: Մինչդեռ համայնքի անդամներն ասում են, որ ընկերությունը խոստումներից շատ քչերն է իրականացրել:

Գրեթե 10 տարի առաջ, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկզբին, երբ բարձրացան սննդի և սպառման այլ ապրանքների գները, ներդրողների համար ստեղծվեց «փող-դիզելու» աննախադեպ հնարավորություն: Խոշոր միջազգային կորպորացիաները, բերք աճեցնելու և հանքեր արդյունահանելու համար էժան հողի փնտրտուքներով շտապեցին դեպի Աֆրիկա՝ գործարքներ անելու: Այս ընկերություններին հսկայական հողակտորներ տրվեցին երկարաժամկետ պայմաններով հանքարդյունաբերական և գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար: Համաձայն Միջազգային հողային կոալիցիայի մեդիա զեկույցների ակադեմիական վերլուծությունների՝ միայն 2008-2010թ.-ների ընթացքում ներդրողները աֆրիկյան մայրցամաքում ձեռք են բերել Ուկրաինայի չափ տարածք՝ 53-61 միլիոն հեկտար հող:

Մինչդեռ «դատարկ» կամ «պարապ» հայտարարված հողերում ներդրումներ խրախուսելու այս քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ տեղացիներից բռնագրավեցին իրենց իսկ հողերը, որոնք նրանք դարեր շարունակ մշակում էին իրենց ավանդույթների համաձայն: Այս մարդկանց համար այս գործարքները եղել են ոչինչ, քան հողերի բռնագրավում՝ ինչը հանգեցրել է լայնածավալ ունեզրկման և տեղահանման:

Եթովպիայում ՄՖԿ-ն անուղղակիորեն ֆինանսավորել է հնդկական գյուղատնտեսական ոլորտում բիզնես անող Karuturi Global ընկերությանը ICICI հնդկական բանկի միջոցով, որին ՄՖԿ-ն տրամադրել էր 150 միլիոն ԱՄՆ դոլար 2006թ.-ին: 2010թ-ին ICICI-ի ֆինանսավորմամբ Karuturi-ին կնքեց երկարաժամկետ պայմանագիր Գամբելա շրջանում մոտ 110.000 հա հողատարածքում շաքարեղեգ, եգիպտացորեն և արմավենու յուղի պլանտանցիաներ ստեղծելու համար: Հազարավոր Անուակ և Նուեր տեղաբնակներ բռնի տեղահանվեցին այդ տարածքից, մինչ դրան զուգահեռ այդ հողերը առաջարկվում էին արտասահմանյան ներդրողներին, ներառյալ Karuturi-ին:

Գաբոնում Ecobank Transnational-ը, որը նույնպես ՄՖԿ ֆինանսական հաճախորդներից է, ֆինանսավորել է արմավենու յուղի պլանտացիաների և մշակման գործարանի կառուցումը, որն էլ սինգապուրյան Olam ընկերությունն է գործարկում: Ծրագիրն իրականցվում է 300.000 հա հողատարածքի վրա, որն ինչպես տեղական և միջազգային բնապահպանական խմբերն են նախազգուշացնում, սպառնում է ոչնչացնել Կոնգոյի խիտ անտառները, վնասել կենսաբազմազանությունը և հազարավոր մարդկանց կյանքերը:

Mighty-Brainforest-report-Olam-2016

Արմավենու յուղ ստանալու համար վտանգում են անտառները business-human rights.org

Սիեռա Լիոնեում և Զամբիայում շաքարեղեգի արտահանմամբ զբաղվող ընկերությունները, որոնք նույնպես ՄՖԿ ֆինանսական միջնորդների կողմից են ֆինանսավորվում, մեղադրվել են փոքր ֆերմերների հողերի բռնագրաման և հազարավորների տեղահանման մեջ՝ հանգեցնելով եկամուտների և սննդի նվազման:

Այս ծրագրերում ՄՖԿ-ի ներգրավածությունը ցույց է տալիս ֆինանսական վարկավորման վտանգները: Չնայած դրան՝ Համաշխարհային բանկի անդամը կրկնապատկել է նման պրակտիկան: 2010թ-ից ի վեր ՄՖԿ-ի աջակցությունը կոմերցիոն բանկերին, մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերին և այլ ֆինանսական միջնորդներին աճել է 45 տոկոսով: ՄՖԿ-ի սեփական տվյալների համաձայն, 2013-2015թթ.-ի ընթացքում բարձր ռիսկայնության ծրագրերում ֆինանսական վարկավորումն աճել է 300 տոկոսով՝ 450 միլիոն ԱՄՆ դոլարից դառնալով 1.3 միլիարդ ԱՄՆ դոլար:»

Զեկույցի աղբյուր

In English

Աջակցել